Ռուսաստանի Սմոլենսկի մարզում թմրամիջոցներ պահելու եւ կեղծ փողեր իրացնելու փորձի կասկածանքով հայերի են ձերբակալել:
Ինչպես հաղորդում է gorodnews.ru-ն, Կարդիմովի շրջանում ձերբակալել են 30-45 տարեկան երեք հայերի: Հունվարի 5-ին իրավապահ մարմիններին է դիմել Վիշեգոր գյուղի խանութի վաճառողը եւ պատմել, որ մի քանի րոպե առաջ երեք անհայտ տղամարդիկ փորձել են կեղծ 5 հազար ռուբլիանոց թղթադրամով վճարում կատարել:
Երբ կինը կասկածել է, որ թղթադրամը հնարավոր է կեղծ լինի, գնորդները վերցրել են թղթադրամն ու անհետացել մեքենայով:
Ավելի ուշ մեքենան, որով հեռացել էին տղամարդիկ, հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները: Ավտոմեքենայի խուզարկության ժամանակ, սրահում ոստիկանները թաքստոց են գտել, որտեղ մի քանի տասնյակ կեղծ 5-հազարանոց թղթադրամներ եւ կասկածելի նյութով սալիկներ են գտել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք թմրանյութեր են՝ հաշիշ, կոկաին եւ մետադոն:
Չարագործները կալանավորված են: Արդեն հաստատվել է, որ կալանավորվածները կեղծ թղթադրամներ են իրացրել ոչ միայն Սմոլենսկի մարզի տարածքում:





























