Հալեպում ապրիլի 9-ին սկսվել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Թեքեյան մշակութային միությունը Ս. Աստվածածին եկեղեցում կազմակերպել էր դասախոսություն «Հայ որբերի աղերսը» վավերագրական ֆիլմի ցուցադրումով, բանախոսը` Միսաք Քելեշյանն էր: Երեկոյին մասնակցում էին Սիրիայի հայ կրոնական երեք համայնքապետերը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 14-ին Ս. Աստվածածին եկեղեցում բացվելու է հայկական ճարտարապետության ուսումնասիրության հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Կարապետյանի «Մշակութային եղեռն» լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ ապրիլի 15-ին կայանալու է նրա դասախոսությունը «Արեւմտահայաստանի մշակութային կորուստները» թեմայով:
«Գերմանիկ Վասպուրական» մշակութային միության գործադիր մարմինը Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակի կապակցությամբ հրատարակել է օրացույցներ, որոնց վրա պատկերված են «Հայփոստ»-ի կողմից թողարկված նամականիշները` Մեծ Եղեռնի հուշարձանը եւ ցեղասպանության 90-ամյակին նվիրված Խաչքար պատկերող մանրանկարը:



























