Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի արձանագրությունը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ կգումարի, եւ մանդատը կտրվի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, ով նախորդ տարի նշանակվել էր Արարատի մարզպետ:

Նրան հաջորդում է Միքայել Մանուկյանը: Լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր է վերջինս հրաժարվի մանդատից, որպեսզի այն բաժին հասնի «Արարատ-լադայի» գործադիր տնօրեն Կարեն Շահմուրադյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ մի խումբ ՀՅԴ-ականներ էլ կողմնակից են, որ պատգամավոր դառնան ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուզաննա Մուրադյանը կամ նրան հաջորդող նախկին պատգամավոր Արա Նռանյանը:

ՀՅԴ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այդ կապակցությամբ դեռեւս որոշում չի կայացվել:

Նշենք, որ 2013թ դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին, ինչի վերաբերյալ լրատվամիջոցները գրել էին դեռեւս ամիսներ առաջ, սակայն նշանակումը ուշանում էր: