Արմավիր մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Վ.-ն մեղադրվում է անչափահասի աղջկան հղիացնելու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Հովհաննես Վ.-ն, 2013թ. օգոստոսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած  Էջմիածին քաղաքի բնակչուհի Ա. Խ.-ի  հետ եւ հաջորդ օրերի ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Այնուհետեւ 2013թ. նոյեմբերին Ա. Խ.-ն բուժհետազոտման է ենթարկվել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա»  ՊՓԲԸ-ում եւ նրա մոտ ախտորոշվել է 14-15 շաբաթական հղիություն:

Այսինքն` Հովհաննես Վ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 141 հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ (18  տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ  16  տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական առաջին քննությունը նշանակվել է հունվարի 13-ին: