Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի կինը բողոքարկել է իր որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Զատիկյանի մայրը` Սոխակ Խոցանյանը:
Նրա խոսքով, դատաքննություն լրիվ նորմալ է անցել , սակայն 15 տարին քիչ է տրված. «Ես միայն դատավճռում չափի քանակով եմ բողոք ներկայացնում»:
Նա նշեց, որ ոչ թե 20 տարի են պահանջելու, այլ ցմահ ազատազրկում: «Ես օրենքով ամենախիստ պատիժն եմ պահանջում, քանի որ մեկից ավելի զոհ է եղել եւ դա դիտավորություն է»,- ասաց Սոխակ Խոցանյանը:
Հարցին, թե եթե այստեղ իր պահանջը չբավարարեն հնարավո՞ր է դիմեն Եվրադատարան, նա պատասխանեց. «Ես դեռ կմտածեմ»:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանը դեկտեմբերի 9-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սակայն տուժող կողմը ցմահ ազատազրկում էր ակնկալում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին:
Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:





























