Օտարերկրյա պետությունների ղեկավարները կմասնակցեն Սմոլենսկում ավիավթարից զոհված Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու հուղարկավորությանը: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Նրա խոսքով, չի բացառվում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը: Արարողությանը մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Սիկորսկին նշել է նաեւ, որ այժմ արդեն կարելի է խոսել ռուս-լեհական հարաբերություններում արմատական փոփոխությունների մասին. «Չգիտեմ՝ կլինի՞ ճեղքում քաղաքական ոլորտում, քանի որ Ռուսաստանի հետ որոշակի տարաձայնություններ ունենք: Սակայն արդեն կա զգայական ճեղքում: Իսկ դա արդեն մեծ բան է»:
Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Յացեկ Սասինը հայտնել է, որ հուղարկավորության արարողությունը կկայանա ապրիլի 17-ին:
Հիշեցնենք, որ լեհական կառավարական ինքնաթիռը վթարվել էր Սմոլենսկում՝ ապրիլի 10-ին: Ավիավթարի արդյունքում զոհվել էին Լեհաստանի նախագահը, նրա կինը, կառավարության եւ խորհրդարանի անդամներ, այլ պաշտոնատարներ: Ճշտված տվյալներով, ավիավթարից զոհվել են 96 մարդ: Նախագահի դին նախօրեին՝ ապրիլի 11-ին հասցվել է Վարշավա:




























