Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադն այցելել է զոհված զինծառայողների երեխաների գիշերօթիկ դպրոց: Դպրոցի սաներն այս օրերին ուսումնական առաջին կիսամյակի քննություններն են հանձնում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ասմա ալ Ասադը ծանոթացել է դպրոցականների ուսուցման պայմաններին եւ գիշերօթիկ դպրոցների գլխավոր տեսուչ Շահիր Ֆալյուհից հետաքրքրվել քննաշրջանի ընթացքի մասին: Առաջին տիկինը դպրոցականների ուսման մեջ հաջողություն է մաղթել, որպեսզի կարողանան իրենց մասնակցությունն ունենալ երկրի բարօրության կերտման գործին: Նա ընդգծել է, որ հանուն հայրենիքի ընկածները պետության կողմից մեծարանքի են արժանի:
Ֆալյուհը շնորհակալություն է հայտնել նախագահի տիկնոջը զոհվածների երեխաների նկատմամբ մշտական ուշադրության համար եւ նրան տեղեկացրել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել էին ուսումնական գործընթացի շարունակման համար:





























