Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրկին կզբաղվի Սարգսյան-Չիրագով գործով: Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական րիստինե Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու այդ նիստին: «Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի» գործով նիստը կայանալու է հունվարի 22-ին, իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով նիստը փետրվարի 5-ին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրոպական դատարանն առաջին անգամ սկսել է քննել հայ ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։ Իր հայցում Սարգսյանը նշել է, որ իր տանը հիմա ապրում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին եւ երեխաները շարունակում են հետեւել դատական գործընթացին։
Սարգսյանի հայցում, մանավորապես մեղադրանք է առաջադրվում սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով խտրականություններ դնելու, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության համար։
Հատկանշական է, որ նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսել են քննել մեկ այլ՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցը (Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի)։ Տվյալ գործերը համարվում են նմանատիպ հայցերի խմբի նախատիպը։
Նշենք, որ Եվրոպական դատարանի Գերագույն պալատը հանդիսանում է գերագույն մարմինը։ Որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։





























