Լեհաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կայուն են, եւ նախագահ Լեհ Կաչինսկու մահը չի խաթարի այդ հարաբերությունները: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:
«Այն, ինչ կատարվեց, ողբերգություն է, եւ սա որոշ չափով կանդրադառնա քաղաքական դաշտի դասավորումներին, ներքաղաքական կյանքի վրա, բայց էական փոփոխությունների կարիք դժվար թե լինի»,- նշել է դեսպանը:
Կաչինսկու մահից հետո երկրում թիվ մեկ քաղաքական ուժը կարող է դառնալ վարչապետ Դոնալդ Տուսկի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պլատֆորմը»: Տուսկը մեկ ամիս առաջ էր Հայաստանում եւ փոխգործակցության կարեւոր համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ: «Կան բոլոր նախադրյալները ակնկալել հայ-լեհական հարաբերությունների հետագա խորացում եւ ջերմացում»,- նշել է Գալոյանը:
Դեսպանը նշել է, որ վաղամեռիկ նախագահ Լեհ Կաչինսկին լրջորեն մտահոգված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
Հիշեցնենք, որ լեհական կառավարական ինքնաթիռը վթարվել էր Սմոլենսկում՝ ապրիլի 10-ին: Ավիավթարի արդյունքում զոհվել էին Լեհաստանի նախագահը, նրա կինը, կառավարության եւ խորհրդարանի անդամներ, այլ պաշտոնատարներ: Ճշտված տվյալներով, ավիավթարից զոհվել է 96 մարդ: Նախագահի դին նախօրեին՝ ապրիլի 11-ին, հասցվել է Վարշավա:




























