Ձերբակալվել է Վանաձորի ճանապարհին «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում սպանություն կատարողը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի եւ ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 09-ին ոստիկանության Լոռիի մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին վերջինիս պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել եւ սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Արամ Ս.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Սպանել էր կնոջ վրա աչք դնելու պատճառո՞վ. Մանրամասներ վանաձորյան ողբերգությունից





























