Աղավնաձոր գյուղում հորեղբոր` 1-ամյա փոքրիկին «վրաերթի ենթարկելու» դեպքով նախաքննությունը դեռ շարունակվում է: NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործով մոտ օրերս պատրաստ կլինի նշանակված համալիր փորձաքննության պատասխանը եւ մինչեւ ամսվա վերջ գործը լուծում կստանա:

Մեզ նաեւ հայտնի է դարձել, որ քննության ընթացքում հորեղբայրը դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրել էր գործը կարճել համաներման ակտով, սակայն դիմումը մերժվել էր:

Նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, եւ այժմ փորձում են պարզել՝ հորեղբայրը մեղավոր է, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով» բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված  Մարի  Պողոսյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21.10-ին մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանի հորեղբայրը  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան մոտ` գյուղամիջյան ճանապարհին, վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով մահ: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)  հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: