Քիչ առաջ Վաշինգթոնում ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Հանդիպումը տեւել է 1 ժամ 15 րոպե: Թեեւ լրագրողները հանդիպմանը ներկա չեն եղել, սակայն ապակիների ետեւից հնարավորություն են ունեցել հետեւելու հանդիպմանը։ Նրանք տեսել են, որ Սերժ Սարգսյանը ձեռքերի ակտիվ շարժումով ինչ-որ բան է փորձել բացատրել Էրդողանին, իսկ վերջինս ավելի շատ լսողի դերում է եղել։ Հանդիպումից հետո Էրդողանը ետեւի դռնով է դուրս եկել եւ լրագրողները նրան չեն տեսել, իսկ ահա Սերժ Սարգսյանը դուրս է եկել դիմացի դռնով եւ նրա կեցվածքը եղել է խրոխտ ու ինքնավստահ։




























