Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում  դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գեւորգյանի մահվան պատճառը բժիշկների ուշանալը չէր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Արդարադատության նախարարության ՔԿՎ լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ դատապարտյալի մոտ ինսուլտ է եղել, նա հանկարծամահ է եղել, բժիշկների ուշանալու խնդիր չի եղել: «Երբ բժիշկները ժամանել են, նա արդեն մահացած էր»,- հայտնեցին ՔԿՎ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի թիվ 5-րդ մասնաշենքում մահացել է դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գեւորգյանը: Վերջինս դատապարտվել էր խուլիգանություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման, որից 3,5 տարի պատիժն արդեն կրել էր: Ըստ նախնական տեղեկությունների մահվան պատճառը սրտի անբավարարությունից, ինֆարկտի նախանշանով է եղել, իսկ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դատապարտյալի համար բժիշկը ժամանել է 2 ժամ ուշացումով ու եթե ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերեին հնարավոր էր նրա կյանքը փրկել: