Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստան է թափանցել 5 նոր աղանդ` Ջերմուկում գործող «Կյանքի ջուրը»,  Բջնիում՝ «Աստծո թագավորական քահանայություն», Սևանում՝ «Ավետաբեր», Չարենցավանում՝ «Երգ երգոց» աղանդը, «Կյանքի աղբյուր» աղանդը Լիբանանից, որը նույն «Կյանքի խոսք» աղանդի փոքր ճյուղն է: Այս մասին հունվարի 13-ին լրագրողներին ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Եհովայի վկաներն էլ են ակտիվացել:

«Նրանք սկսել են գաղտնի բաժանել դիտարաններ, որոնք տպվում են Ֆրանսիայում, որտեղ զետեղված է հայերենով, որ կրթությունը աղբ է: Պետք չէ կրթություն ստանալ եվրոպական կամ միջազգային այլ բուհերում, այլ պետք է կրթություն ստանալ միայն Եհովայի վկաներից, քանի որ ճիշտ ուսուցում տալիս են միայն նրանք»,- ասաց ՄԵԼ համանախագահը։

Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Եհովայի վկաներն ապրիլի 14-ին պատրաստվում են Հայաստանում մեծ հավաք անցկացնել, որտեղ քննարկելու են Հայաստանի կառավարության դեմ ուղղված իրենց հետագա գործողությունները:

«Միացյալ Երիտասարդական լիգայի» գլխավոր համակարգող Գոռ Նալբանդյանն էլ առանձնացրեց մի քանի բարեգործական կազմակերպությունների անուններ, որոնք ֆինանսավորում են աղանդներն ու նպաստում դրանց գործունեությանը՝ «Աստվածաշնչյան լիգա», «Բարի լուր բարեգործական կրթություն» ՀԿ, «Շողիկ» բարեգործական կազմակերպություն, «Վորլդ Վիժն Հայաստան», «Հայաստանյաց ավետարանական ճեմարան», «Հայաստանի քրիստոնեական սպորտսմենների միություն», «Հայաստանի քրիստոնեական բժշկական միություն», «Ցորենի հատիկ» և այլն:

««Վորլդ Վիժնը» քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու և աջակցելու այն մարդկանց, ովքեր գտնվում են ծանր վիճակում: Կազմակերպությունը համագործակցում է քրիստոնեական, ավետարանական և կաթոլիկ ինչ-որ եկեղեցիների հետ և գործում է Հայաստանի տարբեր շրջաններում՝ Գյումրիում, Թալինում, Ալավերդիում, Ապարանում, Սիսիանում և այլուր: Իսկ «Ցորենի հատիկ» քրիստոնեական բարեգործական ֆոնդը, որ Հայաստանում գործում է 1999-ից, երեխաների համար ճամբարներ է կազմակերպում»,- ասաց Գոռ Նալբանդյանը՝ նշելով, որ վերջին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է միայն 2007թ. հետեւաբար մինչեւ այդ ապօրինի գործունեություն է ծավալել։

«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանն էլ առանձնացրեց «Դիակոնիա» կազմակերպությունը, որի ղեկավարը որոշ ժամանակ առաջ հանդիպում է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. «Այդ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ կոչվածը ֆինանսավորում է տարբեր աղանդների՝ հիմնականում կյանքի խոսքին»,- նշեց Սևակ Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am