Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում պրոռեկտորներից  մեկը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության մամուլի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ այնուհետեւ ռեկտորի թափուր պաշտոնի համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել  գիտությունների դոկտորի աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում եւ առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ ունեցող անձինք:

Նշենք, որ Արմեն Մազմանյանը մահացել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հունվարի 8-ին 54 տարեկան հասակում։ Նա Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին:

Մազմանյանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` երեկ, Երեւանի քաղաքային պանթեոնում: