Հարավաֆրիկացի քարոզիչը հոգեւոր հոտին կոչ է արել խոտ ուտել՝ հավաստիացնելով, որ դա կօգնի մոտենալ Աստծուն եւ բուժվել հիվանդություններից:

Քրիստոնեական եկեղեցու հոգեւոր հովիվ Լեսեգ Դենիելի հրամանով տասնյակ հավատացյալներ  գետնին պառկած խոտ են կերել՝ Պրետորիայից հյուսիս ընկած Գարանկուվա քաղաքում նրա քարոզից հետո: Լեսեգի վիճելի մեթոդները քննադատել են հազարավոր մարդիկ, այնինչ նրա համակիրները հիացած են իրենց քարոզիչով:

 «Այո, մենք խոտ ենք ուտում եւ հպարտ ենք, որովհետեւ դա ցույց է տալիս, որ Աստծո օգնությամբ մենք կարող ենք ամեն ինչ անել», - ասել է հավատացյալներից մեկը, գրում է  FederalPost-ը՝ վկայակոչելով South Africa's Times Live-ը:

Ոմանք ասում են, որ խոտ ուտելուց հետո բուժվել են տարբեր հիվանդություններից, ոմանք էլ սրտխառնոցի նոպաներով գրավել են զուգարանները:

Բացի այդ, պատարագի ժամանակ քարոզիչը առնվազն հազար մարդու կոչ է արել բացականչել «քնեցե՛ք», ինչից հետո  վեց մարդ իրոք քնել են: Նա պահանջել է, որ մնացածները ծափահարեն եւ դոփեն տեղում, սակայն քնածներն աղմուկին չեն արձագանքել եւ զարթնել են միայն քարոզչի հրահանգից հետո:

Նշվում է, որ հովվի «հրաշագործությունները» հասարակության բոլոր խավերի մարդկանց են գրավում, այդ թվում՝ ուսուցիչների, բուժքույրերի, հաշվապահների, որոնց շքեղ ավտոմեքենաները զարդարում են եկեղեցու դիմացի ավտոկայանատեղը: