Վաշինգտոնում կազմակերպված միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ հանդիպում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Թուրքիայի վարչապետը The Willard InterContinental-ում մեկ ժամանոց հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիի հետ: Հանդիպումից հետո Քերրին լրագրողներին հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունները հանդիպման օրակարգում չեն եղել, պարզապես քննարկվել է Թուրքիայի կարեւոր դերակատարությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ խոսվել է Իսրայելի, Պաղեստինի եւ Սիրիայի խնդիրների վերաբերյալ:
Այնուհետ միջուկային գագաթնաժողովի սկսվելուց առաջ Վաշինգտոնի Convention Center ժամանած Էրդողանին դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայի վարչապետը կարճ հանդիպումներ է ունեցել նաեւ Հարավային Կորեայի, Ղազախստանի, Բրազիլիայի նախագահների, Նորվեգիայի, Իտալիայի, Արգենտինայի եւ Պակիստանի վարչապետերի հետ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպումը նախատեսված է այսօր` ապրիլի 13-ին:




























