Չինաստանում դատարանը նորածինների առեւտրի համար բժիշկ-մանկաբարձուհուն մահապատժի է դատապարտել:

Ինչպես հաղորդվում է, մեղադրյալ Չժան Շուսյան դատարանում խոստովանել է իր աշխատած հոսպիտալից նորածիններին առեւանգելու փաստը եւ նրանց վաճառքը:

Քրգործի նյութերի համաձայն՝ բժիշկը ծնողներին  տեղեկացրել է, որ իրենց նորածին երեխաներն ի ծնե արատավոր են ու ստիպել է հրաժարվել նրանցից:

Չժան Շուսյայի գործի հետաքննության ընթացքում երեխաների ապօրինի վաճառքի ցանց է հայտնաբերվել, որի կենտրոնական դեմքը մանկաբարձուհին էր, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Քննության տվյալով, ամբաստանյալը երեխաներին վաճառել է մարդկանց առեւտրով զբաղվողներին, որոնք իրենց հերթին ավելի թանկ գնով են վաճառել: Այսպես, հուլիսին մանկաբարձուհին 21 600 յուան  (3600 դոլար) է ստացել նորածին տղայի դիմաց, որին հետո վաճառել են 59 800 յուանով (9900 դոլար)՝ Չինաստանի Հենան նահանգում:

Նշվում է, որ կինը վաճառել է յոթ երեխաների, որոնց հետո վերավաճառել են ՉԺՀ-ի կենտրոնական եւ արեւելյան  նահանգներում՝ 2011թ. նոյեմբերից 2013թ. հուլիս ընկած ժամանակահատվածում:

Ընդ որում՝ վաճառված նորածիններից վեցը վերադարձվել կամ փրկվել էին ոստիկանների շնորհիվ: Մի աղջնակ էլ, որից ինքնակամ հրաժարվել էին ծնողները եւ որը վաճառվել էր հազար յուանով  (165 դոլար),   2013թ. ապրիլին մահացել է:

Գողացած երեխաներ գնող ընտանիքները ամենից հաճախ այդ քայլին դիմում են արու զավակ ունենալու համար, որն այնքան էլ հեշտ չէ սոցիալական խիստ՝  «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականության պայմաններում: