Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջեւ բանավեճը Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջեւ բանավեճը խոսում է ամեն ինչի մասին՝ բացառությամբ որեւէ լուրջ քաղաքական գործընթացի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը այս փուլում ավարտված է. Քաղաքական բաղկացուցիչը դուրս է եկել ներքին քաղաքականությունից: «Ցավոք, մեր երկրում ձեւավորվել է բավականին ծանր ներքաղաքական իրավիճակ, որն իրապես վկայում է այդ մասին»,-ընդգծել է նա: Ըստ նրա՝ Քոչարյանի հայտարարությունները փորձ են՝ ցույց տալու, որ նա կա երկրի ներքաղաքական կյանքում: «Սակայն Հայաստանում բոլոր հնարավոր ընտրություններն ավարտվել են եւ նախընտրական պայքարը կսկսվի միայն 2016-ին եւ եթե ինչ-որ արտաքին ֆորս-մաժորային իրավիճակներ տեղի չունենան, ապա հազիվ թե այդ բանավեճը հանգեցնի ինչ-որ լուրջ քաղաքական իրադրության»,-հայտարարել է նա:

Երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հազիվ թե Ռոբերտ Քոչարյանը երկարատեւ դադարից հետո ցանկանա ֆալստարտ անել, եթե, իհարկե, նա նպատակ չունի քաղաքական պայքար սկսել ընտրություններից միայն մեկ տարի առաջ, այլ երկարատեւ, փուլային քաղաքական պայքար վարել: «Ես ներկայումս նրա մոտ նման մտադրություններ չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Քոչարյանը վերջերս տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել ներկայիս վարչապետի ու կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: