Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենքի ընդունումից ի վեր այդպիսի շուրջ 7 հազար ամուսնություն է գրանցվել:

2013-ի մայիսից մինչեւ 2014-ի հունվար ընկած ժամանակահատվածում 238 հազար ամուսնություն է գրանցվել, որոնցից շուրջ յոթ հազարը՝ նույնասեռական զույգերի:

Ինչ վերաբերում է սեռերի բաշխմանը, ապա ամուսնացող ամեն հինգ զույգերից երեքը  երկու տղամարդկանց միություն են եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝  վկայակոչելով ֆրանսիական վիճակագրության Insee ինստիտուտը:

 Հիշեցնենք, նույնասեռականների ամուսնությունների օրինականացումը սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:

Չնայած դրա դեմ ուղղված բողոքի ցույցերին, մայիսի 18-ին ֆրանսիայում  նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենք էր ընդունվել, իսկ ամսի 29-ին երկու տղամարդկանց ամուսնություն էր գրանցվել Մոնպելյեում:

Այդկերպ Ֆրանսիան ԵՄ-ի նույնասեռականների ամուսնություններն օրինականացրած վեցերորդ երկիրն է դարձել ՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Դանիայից, Շվեդիայից եւ Իսպանիայից հետո: