Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 10.00-ին, սկսվելու է Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հերթական դատական նիստը: Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ կապված նիստերը դռնփակ անելու որոշման հետ, քանի որ վստահ է, որ այս գործը կապ չունի ծառայողական եւ պետական գաղտնիքի են: «Նիստերը դռնփակ դարձնելով՝ փորձում են կոծկել տեղի ունեցած ապօրինությունները եւ թույլ չտալ հանրությանը, որպեսզի ծանոթանա օբյեկտիվ ճշմարտությանը»,- նշեց փաստաբանը:

Մեծ սպասելիքներ միջնորդության քննությունից չկան, բայց Նիկոլայ Բաղդասարյանը շեշտում է, որ որպես փաստաբան՝ պարտավոր է օրինական կարգով իրականացնել պաշտպանությունը:

Նա նաեւ նշեց, որ եթե ստացվի եւ դատարանը ձերբակալման որոշման հարցը քննի դռնփակ, ապա փորձ կարվի նաեւ վթարի գործը քննել դռնփակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: