Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը լավ է, ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։
Նրա փոխանցմամբ՝ զինծառայողը դեղորայքային բուժում է ստանում, գիտակցությունը միշտ էլ առկա է եղել, շփվում է, խոսում է, ուտում է:
Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ այսօր կստանան նրա անալիզների պատասխանը եւ վաղը զինծառայողին Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն թերապիայի բաժանմունք:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:





























