Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչ, ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Գոհար Չիլինգարյանը օրերս հայտնաբերվել է: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից:
Նրան հայտնաբերել են օրեր առաջ, անմիջապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Հաշվի առնելով, որ մեղադրյալը կին է, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտում են եւ շուտով այն կուղարկեն դատարան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, անհետացել է: Հուլիսի 13-ին Գյումրիի քաղաքապետարանը ահազանգ է ստացել, որ տնօրենը ընդհանրապես չկա, նրա հետ որեւէ կապի միջոց չկա: Նրանք տեղեկություն չունեն նաեւ մանկապարտեզի վարիչի ընտանիքից, բարեկամներից:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 501 096 դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը: Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, մանկապարտեզի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված գումարը, ըստ նախապատրաստված նյութերի, յուրացման եղանակով հափշտակել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով : Քրեական գործի նախախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:





























