Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Սանահին վանական համալիր եւ Ալավերդի:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահին վանքում, որը ներկայումս անմխիթար, վթարային վիճակում է:

Սանահինի վանքը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում, որտեղ ընդգրկված են նաեւ Գեղարդի, Հաղպատի վանքերը եւ Էջմիածնի համալիրը (Մայր Տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարը): Վարչապետին ներկայացվել են վանական համալիրի ներկա վիճակը եւ առկա խնդիրները:

Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ Միկոյան եղբայրների տուն-թանգարանում եւ Ա. Միկոյանի անվան դպրոցում: Անաստաս եւ Արտեմ Միկոյան եղբայրներն ուշագրավ դեր ունեն ժամանակակից պատմության մեջ: 2010 թ. լրանում է Անաստաս Միկոյանի ծննդյան 115 եւ Արտեմ Միկոյանի ծննդյան 105-ամյակը: Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք շրջել են թանգարանում եւ ծանոթացել ցուցադրությանը:

Ա. Միկոյանի անվան դպրոցում վարչապետը հանդիպել է մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների հետ: Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր: Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներ ու մասնագետներ: Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը եւ եզրակացություն կներկայացնի վարչապետին:

Տիգրան Սարգսյանին ներկայացվել են նաեւ Սանահին գյուղական համայնքի խնդիրները: Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Կառավարության ղեկավարը համակարգիչ է նվիրել դպրոցին:

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ալավերդի: