Երեւանի անձնագրային բաժանմունքներում գոյացող հերթերը կապված են նախորդած տոն օրերի, ինչպես նաեւ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության մեջ մտնող նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Նրա խոսքով՝ տոն օրերին քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել դիմելու անձնագրային բաժանմունքներ, այժմ փորձում են կարճ ժամկետում ստանալ նոր անձնագիր եւ նույնականացման քարտ, դիմում են Երեւան՝ ցանկացած տարածքային բաժանմունք, որովհետեւ ամենարագը տրամադրում են մայրաքաղաքում: Նորայր Մուրադխանյանն ասաց, որ որոշակի ժամերի հերթեր են գոյանում մայրաքաղաքի մի քանի անձնագրային բաժանմունքներում եւ այդ խնդիրը լուծելու համար իրենք մինչեւ հունվարի վերջ կրկնակի կավելացնեն նոր անձնագրերի տրամադրման թողարկումը: «Տեխնիկապես սպասարկումը ավելացնում ենք, որ ավելի արագ սպասարկենք քաղաքացիներին»,- ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր չեն ձեռք բերել նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր, մինչեւ ժամկետի ավարտը անձնագրերը ուժի մեջ են: Իսկ այն բոլոր քաղաքացիները, որոնց անձնագրի ժամկետը լրանում է 2014թ հունվարի 1-ից հետո, նրանց կտրվի կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ, այսինքն՝ 2014թ հունվարի 1-ից հետո քաղաքացիներին տրվելու է նոր անձնագիր։ Միայն երեխաներին կարող է տրվել նախկին նմուշի անձնագիր, քանի որ դրանք տրվում են երեք տարի ժամկետով։ Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին եւ 16 տարին լրացած անձանց առաջին անգամ նույնականացաման քարտերը տրամադրվելու են անվճար։

Նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։ Ոստիկանությունը այն պարտավոր է տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար լրացուցիչ գումար պետք է վճարել։