Ադրբեջանի նավթային ակադեմիայում ուանողներին կտրականապես արգելվել է հիշատակի միջոցառումներ անցկացնել՝ նվիրված 2009թ. ապրիլի 30-ին բուհում սպանված ուսանողների եւ դասախոսների հիշատակին: Այդ մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով ուսանողներից մեկին, որը ցանկացել էր գաղտնի պահել իր անունը:

Նրա խոսքով, ակադեմիայի ղեկավարությունը բանավոր նկատողություն է արել ուսանողներին, որ կարգը խախտողներին կհեռացնեն բուհից:

2009թ. ապրիլի 30-ին այդ բուհում սպանվել էր 12 եւ վիրավորվել 13 մարդ: Նրանք գնդակահարվել էին Ֆարդա Գադիրովի կողմից, որը հանցագործությունից հետո ինքնասպանություն էր գործել:

Ներկայումս ծանր հանցագործությունների դատարանում այդ գործով քննություն է ընթանում, մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 հոգի, որոնք պնդում են, թե չեն կատարել մեղսագրվող արարքը: