Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսը կոչ է արել Թուրքիային ճանաչել հայերի նկատմամբ կատարած հանցագործությունները, որ տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ, Օսմանյան կայսրությունում:

Ինչպես հաղորդում է DPA-ն, Ստամբուլ իր այցի ընթացքում Գրասսը հայտարարել է, թե նման ճանաչումը կլիներ այն առավել կարեւոր քայլը, որ Թուրքիան կարող է ձեռնարկել Եվրոպա մտնելու ճանապարհին:

«Ե՞րբ կգա պահը, որ հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները որպես փաստ ընդունվեն»,- հարցրել է նա եւ պատասխանել. «Հուսով եմ՝ շուտով»:

Իսկ թուրքական Milliyet-ը իր հերթին գրում է, որ «Թուրքական գրականությունը Եվրոպայում» նախագծի շրջանակներում Ստամբուլ ժամանած հայտնի գերմանացի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Գյունտեր Գրասսը թուրքական իշխանություններին կոչ է արել ներողություն խնդրել թե՛ Հայաստանից, թե՛ հայությունից` դարասկզբին 1.5 միլիոն հայերի կոտորածի համար:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ապրիլի 14-ի երեկոյան Թուրքիայում գերմանական դեսպանատան ամառային մասնաշենքում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցվել են Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էրխարդ Կունցը, ԵՄ-Թուրքիա պատվիրակության նախագահ Մարկ Պիերինին: Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել թուրք հայտնի գրող Յաշար Քեմալը, այնուհետ ելույթ է ունեցել գերմանացի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Գյունտեր Գրասսը, ում ելույթը հիմնականում նվիրված է եղել Թուրքիայի անցյալին եւ անհրաժեշտությանը, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ: «Ես 1940-ականներին նացիստների ազդեցության տակ էի: Ավելի ուշ Բուխենվալդի ճամբարում հրեաների նկատմամբ արված դաժանությունների լուսանկարները տեսնելով` ես չհավատացի, որ դա գերմանացիներն են արել: Ասացի քարոզչություն է եւ չհավատացի: Ընդունելը եւ առերեսվելը հեշտ չէ: Գերմանիան դա արել էր: Իսկ Թուրքիան ե՞րբ է ընդունելու հայերի նկատմամբ կատարած դաժանությունը: Գերմանիայի վարչապետ Վիլլի Բրանդը ծնկի է իջել եւ Լեհաստանի հրեաներից ներողություն է խնդրել: Արդեն եկել է ժամանակը, որ թուրքական իշխանությունները Հայաստանում եւ թե այլուր ապրող հայերից ներողություն խնդրեն: Թուրքիան պետք է առերեսվի 1.5 միլիոն հայերի սպանությունների հետ»-նշել է գերմանացի գրողը: