Վրաստանի իշխանությունները պրովոկացիոն հակառուսական քաղաքականություն են վարում։ Այսպիսի հայտարարությամբ է ապրիլի 15-ին հանդես եկել նախկին արտգործնախարար, «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Եթե Ռուսաստանի հետ նոր պատերազմ սկսվի, այն կհրահրվի Վրաստանի կողմից»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նա, մասնավորապես, կոչ է արել իշխանություններին «դադարել ասել, որ Հյուսիսային Կովկասում սատարում են նրանց, ովքեր հանդես են գալիս Մոսկվայի դեմ եւ պայքարում ազատության համար»։

Ինչպես հայտնում է «Կավկազ-Պրեսս»-ը, Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ պետք է դադարեցնել «Առաջին կովկասյան» ռուսալեզու հեռուստաալիքի հեռարձակումը, այլապես Վրաստանը «առիթ կտա Մոսկվային» եւ «ոչ ոք չի իմանա, թե ինչ կլինի հետո»։

«Դաշինք Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան իր հերթին ավելացրել է, որ Վրաստանը համաշխարհային անվտանգության կառուցման գործում պետք է հաշվի առնի Ռուսաստանի «հատուկ դերը»։ Նրա խոսքով, «Վրաստանին Մոսկվայի հետ նորմալ հարաբերություններ են պետք»։ Նա հայտարարել է, որ քաղաքական երկխոսության եւ ճգնաժամից դուրս գալու ռեսուրսներն առկա են։ «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ «Վրաստանի անվտանգության եւ երկարատեւ կայունության համար ավելի լավ է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։