Վրաստանի հայաբնակ գյուղերի՝ Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր, բնակիչները նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արտգործնախարարին, Սփյուռքի նախարարին եւ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններին՝ նշելով, որ Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի Դմանիսի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի եւ Մառնեուլի շրջանները կազմում են պատմական հայկական Գուգարք նահանգի մի քանի գավառները։
«Վերջիններս հետագայում ներառվել են Լոռու թագավորության մեջ` կազմելով նույնանուն գավառը։ Այս նահանգը աշխարհագրորեն մինչեւ վերջին շրջանը համարվել է Հայաստանի Լոռվա հյուսիսային հատվածը եւ համարվել հայկական պատմական տարածք։
Խորհրդային տարիներին Քվեմո Քարթլի նահանգում աստիճանաբար սկսեց ուժեղանալ ադրբեջանական գործոնը, իսկ հայերը տարածաշրջանում կամ աստիճանաբար վրացականացվում, կամ հեռանում են։ Վրաստանի անկախացման առաջին իսկ օրերից, լքված եւ փաստորեն մոռացված լինելով ՀՀ իշխանությունների ու հայ հասարակության կողմից, հայկական գյուղերի բնակչությունը մինչ օրս զգում է թե Վրաստանի հակահայկական քաղաքականության դրսեւորումները եւ թե տեղի ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքը, որն ուղղված է հայ ազգային փոքրամասնությանը վերջնականապես զտելու նահանգից»,- նշում են նամակի հեղինակները ու հավելում, որ հակահայկականության դրսեւորումները առավել իրենց զգացնել են տալիս Մառնեուլի հարավային շրջանում գտնվող հինգ՝ Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի, Դամիա, Բրդաձոր հայկական գյուղերում, որոնք մինչ 1930-ական թվականները փաստացի գտնվել են ՀԽՍՀ կազմում։
Որպես օրինակ, բերենք մեկ փաստ։ Վերջին շրջանում Մառնեուլի շրջանի վրացական Սիոն գյուղի բնակիչների եւ տեղի վրացի պաշտոնյաների միջամտությամբ հայկական Դամիա գյուղ մատակարարվող խմելու ջրի հիմնական խողովակը անսպասելիորեն դադարեց գործելուց եւ հայկական գյուղը ներկայումս մնացել է առանց խմելու ջրի։ Հատկանշական է, որ ի պատճառաբանություն խողովակի փակմանը՝ շրջանի վրացի եւ ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, թե այդ ջուրը, որն արդեն մի քանի տասնյակ է, ինչ անդադար հոսել է դեպի Դամիա գյուղ, համարվում է վրացաբնակ Սիոն գյուղի սեփականությունը եւ հայերին այն չպետք է հասնի։
"Նմանատիպ ագրեսիվ գործողությունները վրացիների եւ ադրբեջանցիների կողմից մեզ՝ հինգ հայկական գյուղերի համար նորություն չեն եւ դրանք շարունակական բնույթ են կրում։ Հատկանշական է այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ ագրեսիվությունը շրջանում ուժեղացել է այն բանից հետո, երբ տարածաշրջան ժամանակ առ ժամանակ այցելում են Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորական, կառավարության, հասարակական–քաղաքական ակտիվիստներից կազմված պատվիրակություններ,- գրում են ջավախահայերը՝ հայաստանյան պաշտոնյաներից խնդրելով.
ա) Ուշադրության կենտրոնում պահել Քվեմո Քարթլի նահանգի հայաբնակ շրջաններում զարգացող իրավիճակը։
բ) Լուծումներ տալ տեղի հայ բնակչության տնտեսական, սոցիալական հիմնահարցերին եւ տարածաշրջանում հզորացնել հայկական գործոնը։
գ) Պատասխանատվության երթարկել ՀՀ-ի այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք ներկայանում են որպես վիրահայոց հարցերով «մտահոգ» անձինք, ովքեր իրենց գերպասիվությամբ, բայց նորանոր գումարներ ստանալով մեր հարցերը լուծելու համար, մեր գյուղերն անտերության են մատնել։
դ) Սամցխե–Ջավախք–Ծալկա տարածաշրջանի հետ համատեղ ճանաչել Հյուսիսային Լոռու քաղաքական հիմնախնդիրն ու չդիտարկել այն զուտ սոցիալ–տնտեսական կամ սփյուռքի հիմնահարց։
ե) Կազամակերպել ՀՀ հասարակական–քաղաքական, պատգամավորական ու կառավարական պատվիրակությունների այցելություններ տեղի հայկական գյուղեր՝ հայ բնակիչների հիմնախնդիրներին մոտիկից ծանոթանալու, վրացական ու ադրբեջանական քմահաճույքների առջեւ մեզ միայնակ չթողելու համար։ զ) ՀՀ կառավարությունից ՀՀ–Վրաստան սահմանագծի վերաճշտման ընթացքում պահանջում ենք հաշվի առնել մեր գյուղերի հայաբնակ լինելն ու աշխարհագրորեն Լոռի աշխարհի անքակտելի մաս հանդիսանալը։




























