Այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ «Արմավիա» ավիաընկերության կողմից ձեռք բերված թվով ութերորդ A-320 օդանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Օդանավի դիմավորման արարողությանը ներկա էին «Միկա Լիմիթեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ինչպես նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը:
Վերջինիս խոսքով, մինչ այս Չինաստանում եւ Սինգապուրում շահագործված, սակայն բավական թարմ վիճակում գտնվող օդանավը «Արմավիան» ձեռք է բերել «Սի Այ Թի» կազմակերպությունից. «Ինքնաթիռն ունի 164 տեղ, որոնցից 8-ը՝ բիզնես դասի։ Հուսով ենք, որ այս ինքնաթիռը կծառայի նոր ուղղությունների սպասարկմանը»,- նշեց Բելոյանը՝ տեղեկացնելով, որ նոր ձեռք բերված օդանավն առաջին անգամ թռիչք կկատարի երկու օրից, սակայն դեռեւս հայտնի չէ, թե որ ուղղությամբ։ Նրա խոսքով, ինքնաթիռը շահագործվել է 30 հազար ժամ, ինչը նման օդանավի համար բավականին լավ ցուցանիշ է. «Մինչեւ մյուս տարվա վերջ պլանավորում ենք ունենալ 15 ինքնաթիռ։ Տարվա վերջ ստանալու ենք նաեւ 2 հատ „Sukhoy Super Get“ ինքնաթիռներ»,- ամփոփեց Բելոյանը։
Վերջում նա ավելացրեց, որ 2010-ի հունվարից մինչ օրս «Արմավիան» տեղափոխել է ավելի քան 170 հազար ուղեւորների, ինչը 4.5 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։



























