Այսօր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն անդրադարձել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ 1992-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ, խելացի չգտնվեց, որ չվերցրին Նախիջևանը: Այս կապակցությամբ Շիրխանյանն ասել է. «Նախիջեւանը գրավելու համար այն ժամանակ բավարար էր ընդամենը մի ջոկատ: Իսկ ՀՅԴ-ն չուներ այդ ջոկատը: Այն ժամանակ անկառավարելի ջոկատները թափառում էին Հայաստանի ամբողջ տարածքում: Այդ թվում ամենաանկառավարելի ջոկատները ՀՅԴ-ի ջոկատներն էին: Իսկ Նախիջեւանը գրավելու համար պետք էր ընդամենը մեկ ջոկատ: Թող մտնեին գրավեին, էդ էլ կլիներ նրանց վաստակը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհեմությունը, այդ պահին, ես կարծում եմ, այն է, որ ինքը շատ լավ պատկերացնում էր, թե ինքն ինչպիսի վիճակի մեջ կդնի Հայաստանը, եթե ունենա երկու-երեք ճակատ»:

Նրա խոսքով, մի բան է, երբ պետությունն է մտնում Նախիջեւան, ուրիշ բան է, երբ անկառավարելի ջոկատն է մտնում այդ տարածք: «Ժողովուրդը փախչում էր այնտեղից, սահմանները ջարդել էին դեպի Պարսկաստան ու Թուրքիա: Համարյա ժողովուրդ չէր մնացել, կանգնած էր խորհրդային75-րդ դիվիզիան, Թուրքիայի սահմանը փակել էր, եւ այն ժամանակ կարելի էր ամբողջը մարսել ինչ որ կերպ: Իսկ եթե պետությունը դա աներ, դա անմարսելի էր լինելու», ասել է պաշտպանության նախկին փոխնախարարը:

Ինչ վերաբերում է շատ չարչրկված այն տեսակետին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման օպերացիայի մասին, Շիրխանյանն ասել է, որ 1992 թվականին Հայաստանում այնպիսի իրավիճակ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող տեղյակ չլինել Շուշիի գրավումից:

Շիրխանյանը խորհուրդ է տվել սպասել, մինչև Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը կգրի՝ Իրան գնալուց տեղյա՞կ էր, որ 2 օր հետո Շուշին ազատագրվելու է, թե՞ ոչ։ «Սպասենք՝ թող ինքն այդ բացահայտումն անի»,- նշել է նա: