ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը հավաստել է իր պատրաստակամությունը աջակցելու եւ առավել զարգացնելու դատաիրավական ոլորտի համագործակցությունը:
Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ Չարենցավանի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: «Ինչպես ընդհանրապես, այնպես էլ հարցաքննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրումը պետք է բացառվի: Անընդունելի է բռնությամբ ցուցմունքներ վերցնելը: Այս աշխատաոճն անընդունելի է»,- ընդգծել է Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ հետամուտ է լինելու դեպքի լիարժեք բացահայտմանը:
«Նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի առջեւ խնդիր է դրվել ապահովել քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը: Արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք եւ բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչը, կարծում եմ, կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում»,- ընդգծել է նա:
Դեսպանը բարձր է գնահատել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննության հրապարակայնությունը՝ համակարծիք լինելով, որ համապատասխան պատժողական քաղաքականությունը կունենա կանխարգելիչ լուրջ նշանակություն:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությունների վերաբերյալ:




























