Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել անազատության մեջ գտնվող, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը ներկայացրել է «Ժամանակ» թերթը:

«1988-ին, մենք՝ ազգովի, մեծ հավատով լցված, կարճ ժամանակահատվածում կառուցեցինք մի տաճար՝ մեր անկախ պետականությունը, որի հենասյուները մեր պատմության փառահեղ էջերն են՝ Ավարայրը, Սարդարապատը, Մեծ հայրենականը, Շուշին:

Եվ որպեսզի այդ տաճարն անպաշտպան չմնա բազմազան արհավիրքների առջև, այն շրջափակել ենք ամրակուռ պարսպով։ Այն շաղախված է մեր հավատով, իսկ բոլոր զոհված մեր եղբայրներն ու քույրերը մի զորեղ խաչքար են այդ պարսպում։ Քանի դեռ այդ պարիսպը կանգուն է, տաճարին ոչ մի վտանգ չի կարող սպառնալ, բայց ակնհայտ է, որ այդ վտանգը առկա է՝ խարխլված է ամենակարող հավատը։

Անուշադրության են մատնված խաչքարերը։ Փորձ է արվում անգամ արժեզրկել այն հողը, որի համար այդքան արյուն է թափվել։ Այսօր մի տեսակ վտանգավոր անդորր է տիրում մեր երկրում։ Բոլորը կարծես ինչ-որ բանի են սպասում, բայց համոզված եմ, որ շատերը լավ բանի հույս արդեն չունեն։ Եվ ես վախենում եմ, որ այս լռությունը կլինի հերթական արհավիրքի նախաբանը։

Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր հայ՝ անկախ իր այսօրվա զբաղեցրած դիրքից և պաշտոնից, պետք է հիշի, որ ինքը նախևառաջ զինվոր է ու չպետք է թույլ տա, որ քանդվի տաճարի պարիսպը՝ հարկ եղած դեպքում պատրաստ լինի իրենով ամրապնդել այն»,- ասված է նրա ուղերձում:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մարտիմեկյան դեպքերից հետո դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: