Թուրքական ու ադրբեջանական սփյուռքի վարքում վերջին շրջանում նոր միտում է նկատվում. Նրանք ոչ միայն ակտիվացնում են լոբբիստական գործունեությունը, այլ նաեւ քաղաքականացնում են իրենց համայնքները տարբեր երկրներում՝ մասնակցելով քաղաքական գործընթացներին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, սա Հայաստանի, հայկական Սփյուռքի ու հայկական լոբբիստական կազմակերպությունների առջեւ կանգնած բոլորովին նոր մարտահրավեր է: «Բայց այս գործընթացը կարող է ունենալ նաեւ հակառակ կողմ, որից հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել: Օրինակ՝ տարբեր երկրների քաղաքական կազմակերպություններ, համաձայնելով իրենց ցուցակներում ընդգրկել թուրք թեկնածուների, պահանջում են նրանցից որդեգրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող քաղաքականություն, քանի որ դա իրենց ուղեգիծն է, եւ դա շատ տրամաբանական է»,- նկատեց Մանոյանը՝ հավելելով, որ այդ համատեքստում թուրքական ու ադրբեջանական համայնքների քաղաքականացումը կարող է ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական հետեւանքներ: Կարեւորն, ըստ նրա, այն է, որ պետք է ուշադիր հետեւել տեղի ունեցողին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել դիմակայել մարտահրավերներին: «Բայց բոլոր դեպքերում խուճապի պետք չէ մատնվել»,- ամփոփեց նա:
Նշենք, որ նախօրեին Երեւանում Հայ Դատի կոմիտեների խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ այդ խնդրին է անդրադարձել նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը: Նա ընդգծել է, որ թուրքական ու ադրբեջանական համայնքները փորձում են ակտիվացնել իրենց գործունեությունը՝ իրենց կազմակերպությունները նմանեցնելով «հայկական մոդելին»: Մկրտչյանի խոսքով, Բաքուն ու Անկարան ջանքեր են գործադրում նաեւ հայկական Սփյուռքում պառակտում մտցնելու ուղղությամբ:




























