Ես հարգում եմ բոլոր կուսակցություններին, սակայն բանակի միակ կուսակցությունը հրամանատարությունն է. ՀՀՇ-ին եւ դաշնակցական ջոկատներին քննադատելու ժամանակ այդպես էր ասում նաեւ Վազգեն Սարգսյանը։
Նման հայտարարությամբ այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հանդես եկավ արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի օրերս արած այն հայտարարությունը, ըստ որի՝ 1992-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ, խելացի չգտնվեց, որ չհրահանգեց վերցնել նաեւ Նախիջևանը։
NEWS.am-ի հարցին, թե կիսո՞ւմ է դաշնակցական ազատամարտիկի տեսակետը, Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանի հորդորով իրենք միշտ խուսափել են մարտական գործողություններին քաղաքական երանգներ տալուց։ «Ինչ վերաբերում է Նախիջեւան մտնելուն, ապա Նախիջեւանի մի հատված հայկական կողմը այն ժամանակ վերցրել էր, սակայն հրաման, որ մտնենք այնտեղ, չեղավ։ Դրա համար ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանն էր պետք, այլ դաշնակից Ռուսաստանի»,-ավարտեց նա։




























