Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հրաժարումը շանտաժի հերթական դրսեւորում է, որով ադրբեջանցիները փորձում են ճնշում գործադրել Մինսկի խմբի գործընթացի վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինիս համոզմամբ, սակայն, այդ ճնշումները եւ ճնշման այս եղանակն այս անգամ եւս որեւէ հետեւանք ու ազդեություն չեն ունենա Մինսկի խմբի աշխատանքների վրա։
«Ադրբեջանը պարբերաբար եւ հետեւողականորեն փորձում է ստվեր գցել Մինսկի խմբի աշխատանքների վրա՝ հաճախ այս կամ այն կերպ անվստահություն հայտնելով։ Նա տարբեր մեխանիզմներով փորձում է Ղարաբաղյան խնդիրը տեղափոխել այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի քննարկման տիրույթ»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ին անաչառության մեջ մեղադրելու Ադրբեջանի փորձերը խոսում է այն մասին, որ առաջադրվող լուծումներն Ադրբեջանի համար անընդունելի են։
«ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ալիեւի չմասնակցելը նույն սերիայից է։ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում ոչ ադեկվատ է արձագանքում միջազգային արտաքին քաղաքական իրադարձություններին, եւ նրա այս քայլը եւս ես դիտարկում եմ ոչ ադեկվատ»-ամփոփելով իր խոսքը՝ նշեց Զոհրաբյանը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել այսօր Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ գագաթնաժողովին մասնակցում են մարդիկ, որոնք մասնակցել են Շուշիի «օկուպացիային»: Նման պատճառաբանություն է ներկայացրել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մայիսի 11-12-ը Բրյուսելում հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին:




























