«Այսօր մենք տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, որը Արցախյան ճակատում բեկում մտցրեց եւ կանխորոշեց հաղթանակը»,- այսօր Եռաբլուրում նշել է ԵԿՄ նախկին փոխնախագահ, նաեւ նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը՝ հավելելով, որ թեեւ 1988-ից այս կողմ հայ ժողովուրդը ցուցաբերեց բացառիկ հավաքական կամք եւ ուժ, բայց «եթե չլիներ այն ժամանակվա իշխանությունների քաղաքական հեռատեսությունը, մենք չէինք կարողանա ամրագրել այդ հաղթանակը: Միայն էնտուզիազմը բավական չէր, միայն ֆիդայիներով, ազատամարտիկներով պայքարը հնարավոր չէր ապահովել այդ հաջողությունը»:

«Ցավալի է, որ այսօր այդ տոնի համար պայքարող մարդկանց մի մասն անազատության մեջ է: Ես նկատի ունեմ մեր քաղբանտարկյալ ազատամարտիկներին՝ Սասուն Միքայելյանին, Մուշեղ Սաղաթելյանին, Հարութին, Արամին ու մնացած բոլորին»:

Նույն խնդրի առնչությամբ, ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանն ասել է. «Ազատազրկված ազատամարտիկների ու քաղբանտարկյալների ազատ արձակումը համար մեկ խնդիրն է եւ նույնիսկ ավելի կարեւոր, քան Արցախի հարցն է կամ հայ-թուրքական հարաբերություններն են, որովհետեւ քանի դեռ կան Հայաստանում քաղբանտարկյալներ, անգամ տեսականորեն անհնար է որեւէ դրական ակնկալիք ունենալ այդ երկու կարեւորագույն հարցերում»: Նրա ներկայացմամբ, չնայած ռազմադաշտում կռած հաղթանակին, այսօր մեր դիրքերն ակնհայտորեն թուլացած են, որի հիմնական պատճառը ՀՀ ներքին իրավիճակն է, երբ Հայաստանում լիակատար հաղթանակ է տոնել ավտորիտարիզմը` բռնատիրության որոշակի էլեմենտներով:

Իսկ ՀԱԿ-ի մեկ այլ անդամ. Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանի դիրքերին նշել է. «Այն հաղթանակները, որ ունեցանք պատերազմում, պետք է ամրապնդվեին ներքին կյանքում ժողովրդավարությունը զարգացնելով, սակայն վերջին տարիներին երկրի դիմադրողականությունը ներսից բարձրացնելու ուղղությամբ շատ բան չի արվել: Այն պատրանքը, թե այսօր պահպանվում է ստատուս քվոն, այդպես չէ: Ցավոք, Հայաստանն այսօր ամեն օր նահանջում է, եւ ուժային տարբերությունը Հայաստանի եւ երկու թուրք երկրների միջեւ, ցավոք խորանում է»: Նշենք, որ Եռաբլուր այցելությանը ներկա չէր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի պատճառը, ըստ ՀԱԿ անդամների, նրա վատառողջությունն է: