Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 10-ից սկսում է եռօրյա այցը Սիրիա եւ Թուրքիա։
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Մեդվեդեւվը տիկնոջ հետ Դամասկոս կժամանի այսօր երեկոյան։ Մայիսի 11-ին երկու երկրների նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ եւ ընդլայնված շրջանակներով, որոնք կեզրափակվեն մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրմամբ։
Ուշադրության կենտրոնում կլինեն առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը, ներքաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաեւ իրավիճակը հարեւան Իրաքում եւ իսրայելապաղեստինյան հակամարտությունը։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մայիսի 11-ի երեկոյան Մեդվեդեւը պաշտոնական այցով կուղեւորվի Թուրքիա։ Անկարայում ՌԴ նախագահը կհանդիպի երկրի ղեկավար Աբդուլահ Գյուլի եւ կբանակցի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Օրակարգում է նաեւ Ազգային Մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ հանդիպումը։
«Վերջին ժամանակներս Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ռազմավարական գործընկերության որակական նոր մակարդակի են բարձրացել»,- ընդգծել է Պրիխոդկոն։
Մեդվեդեւի այցի ընթացքում նախատեսվում է ավելի քան 20 փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության ոլորտներում։ Կենտրոնական տեղ, սակայն, բանակցությունների ընթացքում կզբաղեցնեն առեւտրատնտեսական կապերի արդիական խնդիրները։
Ինչպես հայտնել է Պրիխոդկոն, թուրքական ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Մեդվեդեւը կքննարկի նաեւ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր։




























