Մայիսի 7-ին, ժամը 11.36-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր-Մարտունի գրունտային ավտոճանապարհը սելավային հոսքերի պատճառով դարձել է անանցանելի:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 11.43-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ նշված ավտոճանապարհի 22-րդ կմ-ում սելավային հոսքերի հետեւանքով վթարվել է խմելու ջրի «Ջերմանիս» ջրագիծը, ինչպես նաեւ փակվել է ավտոճանապարհի` 100մ երկարությամբ հատվածը:
Խողովակաշարով ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ ավտոճանապարհի վթարավերականգնողական աշխատանքները կիրականացվեն տեղամասում գոյացած սելավային զանգվածի կայունացումից հետո:
Նույն օրը ժամը 11.45-ին Գեղարքունիքի մարզի Ծակքարի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է «Մարտունի» ՓԲԸ-ին պատկանող ավազահանքի տարածքը: Ժամը 11.50-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների կողմից նշված տարածքում իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ:




























