Թեպետ այսօրվա դրությամբ Հայաստանում «խոզի գրիպ»-ի դեպքեր չկան, այնուամենայիվ, ոչ ոք դրանից հարյուր տոկոսով ապահովագրված չէ եւ չի կարող ասել, որ հանրապետությունում «խոզի գրիպ»-ի դեպքեր չենք ունենա, ասենք, աշնանը կամ ձմռանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։

Նրա խոսքով, հանրապետությունում հակահամաճարակային, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելն այս պահին պարզապես անիմաստ է։ «Եթե կարիք լինի, մենք աշնանը համապատասխան ուսումնասիրություններ անցկացնելուց, վտանգի չափը ճշտելուց եւ ռիսկերը գնահատելուց հետո՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ ձեռք կառնենք, այսինքն՝ բնակչության շրջանում զանգվածային պատվաստումներ կիրականացնենք»,- նշեց Ասոյանը՝ ամռան սեզոնին իրենց «անգործության» հանգամանքը հաստատելով փաստով, որ Հայաստանում այս ամիսներին գրիպի համաճարակներ, որպես կանոն, չեն բռնկվում։

Նշենք, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հունիսի 3-ին տարածած հայտարարության՝ «խոզի գրիպ»-ի համաճարակն աշխարհում դեռեւս չի մարել։ ԱՀԿ-ն նման եզրահանգման եկել է Աֆրիկայում եւ Հարավային կիսագնդում համաճարակի հնարավոր բռնկման պատճառով։ 

Հիշեցնենք, որ վտանգավոր համաճարակի մասին (որին մինչ օրս զոհ է գնացել 18 հազար մարդ) առաջին հաղորդագրությունները հայտնի դարձան 2009 թվականի ապրիլին։ 2009 թվականի հունիսի 1-ին ԱՀԿ-ն հայտարարեց դարի առաջին համաճարակի մասին։