«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այսօր, հունիսի 7-ին, ժամը 11-ին բողոքի ցույց անցկացրեց Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց, որտեղ ժամանակավորապես անցկացվում են Ազգային ժողովի լիագումար նիստերը:  Բողոքի ցույցի մասնակիցների պահանջները հետեւյալն են.

ա. Մերժելով նախագիծը՝ վերջնականապես հանել այն  օրակարգից:

բ. Լեզվի եւ Հանրակրթության խնդիրների վերաբերյալ լսումներ անցկացնել հանրության եւ մասնագիտական խմբերի մասնակցությամբ, ուր կքննարկվեն ոլորտի բազմաթիվ խնդիրները, եւ դրական լուծումներ կառաջարկվեն:

գ. Վերանայել կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանի՝ իր պաշտոնում մնալու  նպատակահարմարությունը:

դ. Օրենսդրորեն արգելափակել «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների հնարավորությունը 25 տարվա ժամկետով, որի ընթացքում կկայանա մրցունակ հայալեզու միջնակարգ կրթական համակարգը եւ օտարալեզու դպրոցների հարցը հնարավոր կլինի վերաքննարկել առանց որեւե թվաքանակային սահմանափակումների:

ե. Պարոն վարչապետը հունիսի 6-ին  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում անցկացված միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է, որ օրենքի փոփոխման պատճառներից մեկն է «Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրեն պարոն Ռուբեն Վարդանյանի «Դիլիջան» միջազգային դպրոց հիմնելու առաջարկը: Այս դպրոցում անգլերենը նախատեսվում է որպես դասավանդման լեզու: Պահանջում ենք Ազգային ժողովից հանձնարարել Կառավարությանը՝ ուսումնասիրել գոյություն ունեցող այն միջազգային կրթական մոդելների  կիրառման նպատակահարմարությունը, որոնք  հնարավորություն են ընձեռում կազմակերպել դասավանդումը ցանկացած լեզվով, այդ թվում եւ հայերեն (օրինակ, Միջազգային բակալավրիատի մոդելը): Նման դպրոցների շրջանավարտները ստանում են միջազգայնորեն ճանաչված կրթության ավարտական վկայական: Պարոն Վարդանյանը, ցանկության դեպքում, հնարավորություն կունենա ստեղծել նախադեպը չունեցող հայկական դպրոց եւ հայազգի երեխաների ժամանակակից կրթության միջազգային կենտրոն:  

Նախաձեռնող խումբը որոշում է կայացրել, որ ցույցերը անցկացվելու են ամեն օր՝ ողջ քառօրյայի ընթացքում, ժամը 11- ին: Վաղը, հունիսի 8-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի կունենա նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսը: