«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում ապօրինությունների հայտնաբերման եւ կանխման, ջրակորուստների կարճատման ու բաշխիչ ցանցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Այդ նպատակով 2010թ. մայիսին, ի լրումն  «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի Առեւտրային, Շահագործման տնօրինությունների եւ այլն կողմից իրականացվող ամենօրյա  ստուգումների, Ընկերության նորաստեղծ Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության միջոցով Երեւանի Ավան-Առինջ թաղամասում եւ Նոր Նորքի 5-րդ զանգվածում' ամբողջությամբ, ինչպես նաեւ մայրաքաղաքի մի շարք այլ թաղամասերում ընտրովի իրականացվել են խմելու ջրի սպառման օրինականության ստուգումներ:

Հարկ է նշել, որ սպառողների ճնշող մեծամասնությունը, ինչպես քաղաքացիներ, այնպես էլ հիմնարկ-ձեռնարկություններ, խստիվ պահպանում է ջրամատակարարման գործող կանոնները եւ ժամանակին վճարում սպառածի դիմաց: Միաժամանակ հայտնաբերվել է սահմանված կարգի մոտ 500 խախտում (ապօրինի միացում, անսարք կամ վնասված ջրաչափ, պետստանդարտի եւ հոլոգրաֆիկ կնիքների խախտում), ինչը հանգեցնում էր փաստացի սպառվող ջրի ծավալների թերհաշվարկի, համապատասխանորեն նվազեցնում հավաքագրումների գումարը, հետեւաբար' բացասաբար անդրադառնում ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվող ներդումների ծավալի վրա: Այսպես, միայն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 10 խախտման դեպք, այդ թվում 9 ապօրինի ջրագիծ,  ինչպես նաեւ Գ.Զոհրապի փողոցում' 28 դեպք, Ա.Վշտունի փողոցում' 18 դեպք:

Դրանց մեծ մասը, մասնավորապես իրավաբանական անձանց մոտ, ուղղակի հետեւանք է գործող կարգի միտումնավոր խախտման:

Ներկայումս ընկերության կողմից կատարվում է նշված ապօրինությունների հետեւանքով պատճառված վնասի չափի ճշգրտում, «ձախ» ջրագծերի ապամոնտաժում, նոր բաժանորդների ձեւակերպում, սպառողների մոտ առկա մյուս թերությունների շտկում, ինչն, այլոց թվում, թույլ կտա հստակեցնել ջրի սպառման իրական ծավալները եւ ձեռնամուխ լինել նաեւ տարածքում առկա տեխնիկական բնույթի հոսակորուստների նվազեցմանը:

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն Երեւանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ կշարունակի հետեւողական պայքարը ապօրինությունների դեմ իր սպասարկման ողջ տարածքում: