Հունիսի 7-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքից Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Գառնի-Գողթ ճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող Գառնիի ՀԷԿ-ին հարակից հանդամասում հայտնաբերել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչուհի, 44-ամյա Աղավնի Թումանյանի դիակը` հրազենային վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գարիկ Բաբայանը: Նույն օրը, ժամը 9.30-ին Բաբայանը մեղայականով ներկայացել է Արտաշատի բաժին եւ հայտնել, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրացանից կրակել եւ սպանել է Աղավնի Թումանյանին:
Հանցագործության գործիքը` 1964 թ. արտադրության ՏՕԶ-Բ տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանը Կոտայքի բաժնի ծառայողների կողմից առգրավվել է:



























