NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան «The National Interest» ամսագրում հրատարակված Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Ռուսական եւ եվրասիական ծրագրի գիտաշխատող եւ փոխտնօրեն Ջեֆրի Մանկոֆի հոդվածը:
Այն ժամանակից, երբ ռուսական զորքերը փետրվարին առաջին անգամ մտան Ուկրաինայի Ղրիմի թերակղզի, Միացյալ Նահանգների մոտեցումը կենտրոնացել է Ռուսաստանին դիվանագիտական մեկուսացմամբ եւ տնտեսական պատժամիջոցներով սպառնալու հանգամանքի վրա: Եվրոպական դաշնակիցների հետ տարաձայնություններից եւ սադրանքներից խուսափելու՝ Օբամայի վարչակազմի ցանկության արդյունքում այդ սպառնալիքները բերեցին սահմանափակ արդյունքի, քանի որ Ռուսաստանը շարունակում է զինել անջատականներին եւ սպառնում է ռազմական ներխուժմամբ, չնայած Ուկրաինայի զինվորականներին վերջերս հաջողվեց անջատականներին դուրս մղել Սլավյանսկից եւ մի քանի այլ հենակետերից:
Պատժամիջոցների սպառնալիքը խաթարվեց ոչ միայն հետեւողական գործողությունների բացակայության պատճառով, այլեւ միշտ գոյություն ունեցող ոչ միանշանական դատողության այն մասին, կարո՞ղ է միայն տնտեսական ճնշումը փոխել Ուկրաինայի նկատմամբ ռուսական հաշվարկները: Պատժամիջոցների ուղղությամբ կենտրոնանալու փոխարեն, որոնց սահմանումն ավելի պակաս հավանական է թվում, Վաշինգտոնը պետք է նաեւ ռազմավարական պատասխան մշակի այն ճգնաժամին, որը կենտրոնացած է Ռուսաստանի ազդեցության ընդլայման կանխարգելմամբ՝ նրա հարեւանությամբ խոցելի պետությունների քաղաքական ամրապնդման եւ տնտեսական կայունացման ճանապարհով: Բացի Ուկրաինայից, ավելի առաջնային են Մոլդովան եւ Վրաստանը, չնայած քաղաքական լայնածավալ բարեփոխումներին հավատարմության դեպքում այդ մոտեցումը կարելի է կիրառել նաեւ այնպիսի պետությունների հանդեպ, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը կամ նույնիսկ Ուզբեկստանը, որոնք ձգտում են ամրապնդել Ռուսաստանի հանդեպ իրենց ինքնիշխանությունը:
Այդ մոտեցումը, որը նման է զսպողական քաղաքականության, եւ որը Վաշինգտոնն իրականացնում էր ԽՍՀՄ-ի հանդեպ «սառը պատերազմի» տարիներին, այն առավելությունն ունի, որն ԱՄՆ-ին համեմատաբար այնքան էլ թանկ չի արժենում եւ օգնում է շրջանցել եվրոպական դաշնակիցների շրջանում համաձայնություն ստանալու անհրաժեշտությունը, որոնց կարծիքը նախկինի պես բաժանվում է Ռուսաստանի հետ գործ ունենալու հարցում:
Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում ռուսական ազդեցության տարածման կանխմամբ՝ ինչպես բարոյական, այնպես էլ ռազմավարական պատճառներով: Տարածաշրջանն ապակայունացնելու Ռուսաստանի ներկա ջանքերի համար խթան հանդիսացան Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ Արեւմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու եւ ավելի արժանի կառավարություններ ստեղծելու փորձերը: Չնայած Մոսկվայի սպառնալիքներին՝ բոլոր երեք երկրները ստորագրեցին Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը եւ ձգտում են քաղաքական բարեփոխումներ կատարել, նույնիսկ եթե Ռուսաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ:
1940-ականներին վերջին մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության վրա հենված խորհրդային էքսպանսիոնիզմը գլոբալ երեւույթ էր: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի էքսպանսիանիստական նկրտումներն ավելի նեղ են, կենտրոնացած են նախկին Խորհրդային միության երկրների ուղղությամբ եւ հիմնված են ռուսական ազգայնականության գաղափարախոսության վրա, այն դեպքում, երբ ռուսական տնտեսությունն անկայուն է: Այդ պատճառով զսպողական քաղաքականությունն այսօր դժվար թե բերի քառասնամյա «սառը պատերազմի», ինչը Ռուսաստանը հազիվ թե կարող է իրեն թույլ տալ: Սակայն ԱՄՆ-ի կողմից համեմատաբար ոչ մեծ ծախսերի դեպքում այն կարող է խանգարել հետխորհրդային տարածաշրջանը նորից ռուսական ազդեցությանը ենթարկելու՝ Պուտինի ջանքերին:





























