Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի միասնական քննության միջին միավորը 10,98 է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին  Գնահատման եւ թեստավորման կենտրոնից: Ըստ ստացված տվյալների՝ Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից  20 միավոր է ստացել միայն 2 դիմորդ, մինչդեռ անցած տարի 20 միավոր ստացածների թիվը 12 էր։ Այս տարի Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի միասնական քննությանը մասնակցել է 10754 դիմորդ։  Բացակաների թիվը կազմել է 400 դիմորդ:

Ըստ ԳԹԿ-ի տվյալների, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1171 դիմորդ՝ 10,89 տոկոսը: Անցած տարի քննությունից անբավարար էր ստացել  դիմորդների 9,78 տոկոսը։ Այս տարի 17,5-20 միավոր ստացել է դիմորդների 3,38 տոկոսը,  13,5-17,25 միավոր՝ 17,48 տոկոսը։ Իսկ 7,5-13,25 միավոր ստացել է դիմորդների  68,27 տոկոսը:

Հայոց լեզվի եւ գրականության քննությունները ահազանգ են հնչեցնում։ Հայաստանում հայոց լեզվին լավ տիրապետողների մակարդակը կտրուկ անկում է ապրում, Հայաստանում հայերենը դարձել է արհամարհված լեզու։ Եվ բոլորովին զարմանալի չէ այս ֆոնին մեր իշխանավորների օտարամոլ քայերը, օտարալեզու դպրոցներ բացելու անբացատրելի մոլուցքը։ Փոխանակ մտածի հայկական դպրոցներում կրթամակարդակի բարձրացման մասին՝ մեր «նժդեհական» նախարարը Նժդեհի գաղափարներին ուղիղ հակառակ ուղեգիծ է բռնել՝ հայոց լեզուն Հայաստանում դարձնել երրորդական կարգի լեզու, եւ ելնելով որոշ իշխանավորների ելույթներից, ըստ երեւույթին, ոչ առանց դրսի ուժերի դրդման։