Հայաստանի Տավուշի մարզի սոցիալապես խոցելի ֆերմերները պոլիէթիլենային ջերմոցներ կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ օգնության ֆոնդի (FAR) «Տավուշի մարզում աղքատության հաղթահարման ծրագրի» (BCPP) փորձագետ Էրիկ Բաղդասարյանը:

Ծրագրի համար արդեն որակյալ պոլիէթիլենային ջերմոցներ են ձեռք բերվել Իսրայելից, առաջին 7-ը ծրագրվում է բաշխել օգոստոսին, Բերդ քաղաքի ֆերմերների շրջանում: «Քաղաքում նույնպես կան գյուղատնտեսական հողեր: Բայց այս տարի ծրագրում ենք նաեւ եւս 7-ը մոտակա գյուղերից մեկում տեղակայել»,- ասաց Բաղդասարյանը: Ջերմոցների հետ կաթիլային ոռոգման համակարգ կտեղադրվի, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան խնայել ջուրը:

Նրա խոսքով՝ ծրագրի կենսագործունեության համար հիմնադրամը որոշում է ընդունել սուբսիդավորել ջերմոցները ոչ ամբողջությամբ: «Որպեսզի մարդիկ հետաքրքրված լինեն իրենց աշխատանքի արդյունքներով, FAR-ը կներդնի ջերմոցի արժեքի շուրջ 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը՝ տրամադրել որպես առանց տոկոսադրույքի վարկ»,- նշեց Բաղդասարյանը:

Մեկ ջերմոցը 135 քառ. մետր տարածք կզբաղեցնի եւ, FAR-ի հաշվարկներով, կարող է սեզոնում միջինը 1000 դոլարի չափով եկամուտ բերել (կախված մթերքից ու որոշակի տարվա գնից), չհաշված այն, որ ընտանիքն ամբողջությամբ ապահովված կլինի բանջարեղենով:

Մեկ ֆերմերային տնտեսության համար ծախսերը, ներառյալ՝ ջերմոցն ու կաթիլային ոռոգումը, կկազմի շուրջ 1 մլն 500 հազար դրամ (գրեթե 3650 դոլար - խմբ.): Այդ գումարից 800 հազարը կազմում է առանց տոկոսադրույքի վարկը, մյուս մասը FAR-ի կողմից տրամադրվող դրամաշնորհն է: «Մեր հաշվարկների համաձայն՝ ֆերմերները կկարողանան մի քանի տարում վճարել ամբողջ գումարը»,- հավելեց Բաղդասրյանը:

Առաջնահերթություն կտրվի դրական սոցիալական վարքով բազմանդամ ընտանիքներին: «Հույս ունենք, որ ծրագիրն այնքան հաջող կլինի, որ ջերմոցներ կսկսեն տեղադրել նաեւ այլ ֆերմերներ, արդեն՝ ինքնուրույն: Այդ ժամանակ տղամարդիկ տարեկան 7 ամիս չեն մեկնի արտերկիր՝ գումար վաստակելու համար»,- հավելել է Բաղդասարյանը:

Ծրագրի համար Տավուշի մարզն ընտրվել է մի քանի պատճառներով: Դրանցից մեկը հողատարածքների սակավությունն է: «Սակայն գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղերում շատ հողեր մնացել են կրակի տակ: Ուստի թեեւ այնտեղ մրգերը շատ են, սակայն բանջարեղենի համար հողատարածքը չի բավականացնում, ստիպված են լինում այն ներկրել Արարատյան դաշտավայրից: Նշանակում է՝ հենց այնտեղ է հնարավոր զարգացնել ինտենսիվ հողագործությունը՝ առավելագույն եկամուտներով այն սակավ հողերից, որոնք ունեն»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Մեկ այլ գործոն է մարզի տաք կլիման եւ ագրարային երկար շրջանը: Ուստի այստեղ ֆերմերները կարող են բավարարվել պոլիէթիլենային ջերմոցներով՝ առանց ջեռուցման: «Եթե նախագիծը հաջող լինի, ապա ֆերմերները, ցանկության դեպքում, կարող են ջեռուցել այն եւ ամբողջ տարին  եւ ամբողջ տարին շահագործել»,- հավելեց Բաղդասարյանը: