2003 թ. Հայաստանը, մոտ տասնամյա ջանքերից հետո, հաղթահարելով Թուրքիայի արգելքները, կարողացավ անդամագրվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Սա կարելի է նույնիսկ հաջողություն համարել, քանի որ ԱՊՀ երկրների մեծ մասն այն ժամանակ ԱՀԿ անդամ չէր: Օրինակ՝ Ուկրաինան միայն 5 տարի անց` 2008 թ. մայիսի 16-ին կարողացավ անդամագրվել ԱՀԿ-ին, իսկ ուղիղ 2 տարի անց բողոք ներկայացրեց Հայաստանի դեմ` ԱՀԿ կանոնները խախտելու համար:
Այսպիսով` ԱՀԿ հրապուրանքը միայն անդամության տոմս ունենալու մեջ չէ, հարկավոր է գործնական օգուտներ քաղել: Ահա, այդ գործնական օգուտներն են, որ պակասում են Հայաստանին: Օրինակ, Թուրքիան չափազանց բարձր մաքսատուրքեր է սահմանել ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, սակայն գործնականում Հայաստանն անկարող է իրավիճակը փոխել, անգամ եթե հայ-թուրքական սահմանը բացվի:
Սկսած 2003 թ.-ից՝ Հայաստանը հաստատել է արտաքին առեւտրի ազատական ռեժիմ, սակայն 2003 թ.-ից հետո մեր երկրի արտաքին առեւտրի հաշվեկշիռը սկսել է անհուսալի վատթարանալ: 2003 թ. մեր առեւտրային հաշվեկշիռը բացասական էր 591 մլն դոլարով, իսկ 2009 թ.` 2.6 մլրդ դոլարով: Մի խոսքով` ազատ եւ հավասար առեւտրի պայմաններում Հայաստանը պարտվել է բոլոր առումներով:
Իրավիճակը անհրաժեշտ էր փոխել, ու կառավարությունն այլ բան չգտավ, քան բարձրացնել ներմուծվող սիգարետների եւ ալկոհոլային խմիչքների հարկերը: Հենց այս հանգամանքն էլ Ուկրաինայի բողոքի առիթ հանդիսացավ, քանի որ ուկրաինական արտադրողները Հայաստանի սիգարետի ու ալկոհոլային խմիչքների շուկայում բավական զգալի ներկայություն ունեն:
Հայաստանը 2009 թ. ներմուծել է մոտ 55 մլն դոլարի սիգարետ եւ 23 մլն դոլարի ալկոհոլային խմիչք: Սա մեր ներմուծման նույնիսկ 1 տոկոսն էլ չի կազմում, հետեւաբար ներքին շուկայի պաշտպանվածության տեսանկյունից էական դեր խաղալ չի կարող:
Կառավարությունը կարող էր ներքին շուկան պաշտպանելու ավելի արդյունավետ միջոցներ կիրառել, որոնք միջազգային պարտավորությունների խախտում չէին առաջացնի: Օրինակ, կարելի է մաքսատուրքը անհրաժեշտության դեպքում բարձրացնել մինչեւ 15 տոկոսի, ներկայիս 10 տոկոսի համեմատ, որից հետո մտածել ակցիզը փոփոխելու մասին, եթե կարիք կլիներ: Կարծում եմ` 15 տոկոսի տարբերությունը զգալի խթան է ներքին արտադրողի համար:
Հնարավոր է` ԱՀԿ-ն նույնիսկ չհասցնի քննարկել Ուկրաինայի բողոքը: Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում Հայաստանը մեկ այլ պարտավորություն էլ է վերցրել` հրաժարվել հաստատագրված հարկերից, բոլորի նկատմամբ կիրառել հարկման ընդհանուր ռեժիմը: Իսկ ծխախոտը, նույնիսկ ներմուծման դեպքում, հարկվում է հաստատագրված հարկով: Իհարկե, ընդհանուր ռեժիմի դեպքում նույնպես կարելի է պրոտեկցիոնիզմ կիրառել: ԱՀԿ հեղինակությունն այլեւս առաջվանը չէ, շատ երկրներ են հիմա խախտում ԱՀԿ կանոնները: Եթե ԱՀԿ-ն խստորեն հետեւի իր կանոններին, ապա աշխարհի պետությունների կեսից ավելին կհայտնվեն դատապարտյալների աթոռին, այդ թվում` ԱՄՆ-ը, Չինաստանը եւ մի շարք այլ գերտերություններ: Կարծում եմ` Ուկրաինան այդտեղ բացառություն չի լինի:
Ուկրաինայի հայցն ընդդեմ Հայաստանի շատ ավելի սիմվոլիկ նշանակություն ունի, ի վերջո` ԱՀԿ-ն միջազգային դատարան չէ:
Սակայն անկախ ամեն ինչից` ճիշտ կլիներ, որ կառավարությունը ավելի ճկուն ռազմավարություն մշակեր տեղական շուկան պաշտպանելու համար:
Սամվել Ավագյան




























