Հունիսի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում կազմակերպվել է խորհրդաժողով, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀԲ Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, Հայաստանում ԵՀ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը,  պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ միջազգային  մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կառավարությունը գործող համակարգի կատարելագործման նպատակով նախաձեռնել է ՊՖԿՀ բարեփոխումների երկրորդ փուլը, որի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է ՊՖԿՀ բարեփոխումների ռազմավարության նախագիծ, որը ներկայացվել է աշխատաժողովի ընթացքում եւ դարձել քննարկումների հիմնական առարկան: Ռազմավարության նախագծի համաձայն` բարեփոխումների նպատակն է մեծացնել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարելավելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, մասնավորապես՝

• ապահովել ֆիսկալ կարգապահություն, որը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը եւ բյուջետային համակարգի կանխատեսելիությանը,

• ռազմավարական մոտեցումներին հետամուտ լինելով` երաշխավորել միջոցների կապակցվածությունը հիմնական քաղաքականություններին եւ գերակայություններին,

• ապահովել փողի դիմաց արժեք` երաշխավորելով միջոցների օգտավետ, արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը

• երաշխավորել հաշվետվողականություն հանրային միջոցների օգտագործան հարցում:

Աշխատաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան նաեւ ՊՖԿ համակարգի բարեփոխումների իրականացման միջազգային փորձին, ինչպես նաեւ  բարեփոխումների նախընտրելի ոլորտներին:

Քննարկումների արդյունքում հստակեցվել են բարեփոխումների գերակայություններն ու հաջորդականությունը եւ որոշվել է Ռազմավարության նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել Հայաստանի կառավարության քննարկմանը: