Հարցազրույց «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Օհանջանյանի հետ:
Պրն. Օհանջանյան, մոտ 1 ամիս առաջ Ազգային ժողովն ընդունեց ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին օրենքը: Ինչպե՞ս եք գնահատում նախապատրաստական աշխատանքների սկիզբը:
Անշուշտ, ապահովագրական ընկերությունները սկսել են նախապատրաստական աշխատանքները, սակայն դրանք դեռ հրապարակային չեն, քանի դեռ օրենքը չի հրապարակվել: Օրենքի հրապարակումից եւ ուժի մեջ մտնելուց հետո այդ աշխատանքներն ավելի տեսանելի կդառնան հանրության համար: Միայն կարող եմ ասել, որ ե՛ւ ասոցիացիան, ե՛ւ ընկերությունները չափազանց կարեւորում են հանրության իրազեկումը: Այդ առումով ակտիվ աշխատելու ենք:
Ընդունված օրենքը այդ տեսքով ձեզ լիովին բավարարու՞մ է:
Կան իհարկե դրույթներ, որոնք ցանկալի կլիներ այլ լինեին: Օրինակ` Բյուրոյի խորհրդի կազմի հետ կապված: Ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ պարտադիր ապահովագրության բյուրոները ղեկավարվում են ապահովագրական ընկերությունների կողմից: Մեզ մոտ սկզբնական նախագծում այդպես էր. նախատեսված էր Խորհրդի 7 անդամ, որոնց մեծամասնությունը ապահովագրական ընկերություններն էին, ներգրավված էին նաեւ կենտրոնական բանկը, ճանապարհային ոստիկանությունը եւ այլն: Բայց ընդունված նախագծով ապահովագրական ընկերությունները Բյուրոյում փոքրամասնություն են: Հուսանք, որ դա խնդիրներ չի առաջացնի հետագա գործունեության համար:
Ոլորտը պետք է կարգավորվի Կենտրոնական բանկի կողմից: Դուք ի՞նչ քայլեր եք ակնկալում նրանց կողմից մինչեւ հունվարի 1-ը:
Նշեմ, որ կարգավորման հիմնական բեռն ընկնելու է Բյուրոյի վրա, որը սահմանելու է խաղի հիմնական կանոնները, ընդունելու է իրավական կարգավորող ակտեր: Այնուամենայնիվ` ԿԲ-ի հետ համատեղ աշխատանքային պլան ունենք, ամեն ինչ ծրագրավորված է: Կա հստակ ժամանակացույց, որը համաձայնեցրել ենք ԿԲ-ի հետ: Ամեն շաբաթ նրանց հետ հանդիպումներ ունենք, ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը օպերատիվ կերպով մշակում է իրավական նախագծերը: Առողջ գործընթաց է ընթանում:
Կարծիք կա, որ պարտադիր ապահովագրության հաջողությունը մեծապես կախված է ապահովագրական ընկերությունների աշխատակիցների արհեստավարժությունից: Ինչպե՞ս եք լուծելու կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները:
Հանրության մոտ թյուր կարծիք կա։ Այն նաեւ օբյեկտիվ պատճառներ ունի, իբր ապահովագրական շուկայի թերզարգացվածության հիմնական պատճառը ապահովագրական շուկայի մասնագետների վատ պատրաստվածությունն է: Թույլ տվեք չհամաձայնել. գուցե դա գործոն է, բայց ոչ առաջնային: Մենք ունենք բազմաթիվ որակյալ մասնագետներ, որոնք ունեն միջազգայնորեն ճանաչված որակավորումներ: Ինչ վերաբերում է մասնագետների քանակի ավելացմանը եւ որակի բարձրացմանը, ապա շուկայում այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք: Օրերս ստորագրել ենք համաձայնագիր Ֆինանսաբանկային քոլեջի հիմնադրամի հետ` նախատեսելով որոշակի վերապատրաստման դասընթացներ: Բացի այդ` բոլոր ընկերություններն էլ իրենց մոտ ունեն առանձին դասընթացներ:
Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ հանրության մոտ ավտոապահովագրության նկատմամբ մեծ վստահություն չկա:
Չասեմ մենթալիտետի, ավելի շուտ դա շուկայի զարգացման պատմության հետեւանք է: Հասարակությունն ունի ապահովագրության զարգացման բացասական փորձ՝ սկսած Խորհրդային Միությունից: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ որոշ կառույցներ փակվեցին, մարդիկ կորուստներ ունեցան: Բացասական յուրաքանչյուր դեպք մարդկանց մոտ շատ ավելի է տարածվում եւ ավելի երկար է մնում հիշողության մեջ, քան դրականը: Նույնիսկ այն դեպքերում, երբ ապահովագրական ընկերությունները իրավացիորեն հատուցում չեն վճարում, ու նման դեպքերում աշխարհի ոչ մի երկրում էլ չէին վճարի, մեզ մոտ դա ընդունվում է որպես բացասական դեպք` ազդելով ողջ շուկայի իմիջի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատուցումը մերժելու դեպքում այդ մասին իմանում է նվազագույնը 25 հոգի, իսկ հատուցման դեպքում այդ մասին իմանում են առավելագույնը 3 հոգի:
Իսկ ԱՊՀ փորձը ի՞նչ է հուշում:
ԱՊՀ-ում այն բացառիկ երկրներից ենք, որ մինչեւ հիմա չունի պարտադիր ապահովագրություն: Ղազախստանում տասնյակից ավելի պարտադիր ապահովագրության տեսակներ կան, որոնք վաղուց գործում են եւ արդարացրել են իրենց: Իշխանությունների կողմից պարտադիր ապահովագրությունը միշտ դիտարկվել է որպես շուկան զարգացնելու գործիք: Ես ուրախ եմ, որ հիմա դա դիտարկվում է որպես հասարակության մեջ առկա ռիսկերը մեղմելու միջոց: Պարտադիր ապահովագրությունը ընկերություններին մեծ շահույթներ չի խոստանում։ Մեր շահագրգռվածությունը հասարակությանը ապահովագրական շուկա բերելն է: Եթե մարդիկ տեսնեն, որ օրենքը աշխատում է, որ ապահովագրությունը իրենց շահերից է բխում, ավելի ակտիվ կապահովագրվեն նաեւ այլ տեսակներում: Մյուս երկրների փորձը հենց դա է ցույց տալիս` պարտադիր ապահովագրությունը խթան է ընդհանուր շուկան զարգացնելու համար:
Այնուամենայնիվ` քաղաքացիներից շատերը պարտադիր ապահովագրությունը դիտարկում են որպես հավելյալ ծախս:
Մենք քաղաքացիական օրենսգրքում վաղուց նշել ենք, որ ավտոմեքենան վնասի աղբյուր հանդիսացող առարկա է, իսկ սեփականատերը պատասխանատու է դրա միջոցով հասցված վնասների համար: Ի՞նչ է ստացվում` հանրապետությունում շրջում են մոտ 400 հազար վնասի աղբյուր հանդիսացող առարկաներ, որոնք սպառնում են մեր հասարակության բոլոր անդամներին: Հետեւաբար` պետությունը, որպես հասարակության ռիսկերի համար պատասխանատու, ընդունում է օրենք, որպեսզի հասարակության բոլոր խավերին սպառնացող վտանգները նվազեցվեն: Ապահովագրական ընկերություններն այդ առումով ընդամենը գործիք են` վնասները փոխհատուցելու եւ ռիսկերը նվազեցնելու համար: Իհարկե` կլինեն մարդիկ, որոնք կդժվարանան տարեկան 30-35 հազ. դրամ վճարել, բայց հարցը պետք է դիտարկենք այլ տեսանկյունից: Եթե մարդ չունի 30-35 հազ. դրամ ու իր մեքենայով վտանգ է սպառնում մարդկանց` ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Այսինքն` նժարի մյուս կողմում հասարակության բոլոր անդամներն են, իրենց գույքային եւ անձնական շահերը: Ուստի պետությունը եւ քաղաքացիները պետք է ընտրեն, թե նժարի ո՞ր մասն է ավելի ծանր:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























