Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրված տվյալներով` հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 8.8 տոկոս: Տնտեսական աճի տեմպերի նման արագացումը (հունվար-ապրիլին աճը 7.2 տոկոս էր) վկայում է, որ Հայաստանը վերջնականապես հաղթահարել է ռեցեսիայի փուլը: Սակայն մակրոտնտեսաական մի շարք այլ ցուցանիշներ վկայում են, որ մեր երկիրը դեռեւս ճգնաժամից դուրս չի եկել եւ գտնվում է ստագնացիայի փուլում: Այս փուլին բնորոշ են բարձր գնաճը, գործազրկության ավելի բարձր մակարդակը եւ կենսամակարդակի անկումը: Ըստ պաշտոնական տեսակետի` Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերականգնողական փուլում, սակայն այս տերմինը լիարժեք չի բնութագրում տնտեսական գործընթացների էությունը:

Այսպես` սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 7.6 տոկոս, որը 2.1 տոկոսային կետով գերազանցում է օրենքով թույլատրելի մակարդակը: Ընդսմին` մարդկանց կենսամակարդակի անկումն ավելին է, քան գնաճը, քանի որ տնտեսությունում հաճախակիացել են աշխատավարձերի վճարման ուշացումները:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը ներկայում կազմում է 84.9 հազ. մարդ` 6.8 հազարով ավելի, քան 2009 թ. մայիսին: Այս բացասական երեւույթների առկայությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ Հայաստանը ճգնաժամից դուրս է եկել:

Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին, ապա համարյա բոլոր ուղղություններով գրանցվել է աճ: Այսպես` արդյունաբերական աճը 12.1 տոկոս է, շինարարությանը` 12.5 տոկոս, ծառայություններինը` 6.8 տոկոս: Անգամ գյուղատնտեսությունը, չնայած բնակլիմայական աննպաստ պայմաններին, գրանցել է 0.9 տոկոս աճ: Գյուղատնտեսության արտադրանքի նվազում հավանաբար կգրանցվի սկսած հունիսից, երբ թափ հավաքի կորիզավոր պտուղների բերքահավաքը:

Ամենամեծ աճ 2010 թ. 5 ամիսներին Հայաստանը գրանցել է արտահանման մասով` 64.5 տոկոս, այնինչ ներմուծումն աճել է 28.5 տոկոս: Ընդհանուր առմամբ արտահանվել է 364 մլն դոլարի, ներմուծվել` 1.4 մլրդ դոլարի արտադրանք: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը գերազանցում է 1 մլրդ դոլարը, կամ ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը, ինչը շատ բարձր ցուցանիշ է եւ վկայում է այն մասին, որ արտաքին առեւտրի կառուցվածքում որակական բարելավումներ չկան:

Սամվել Ավագյան